Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում սկսվել է պետության ժամանակավոր ղեկավարի՝ Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրի երդմնակալության արարողությունը: Նա երկիրը կղեկավարի մինչև նոր ընտրություններ անցկացնելը՝ հաղորդում է Vesti-ն:
Ադլի Մանսուրը դատավոր էր նշանակվել դեռևս նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք, իսկ Մուհամմադ Մուրսին բարձրացրել է նրա պաշտոնը մինչև Սահմանադրական դատարանի նախագահ: Ընդ որում, Մուրսին դա արել է իշխանությունից հեռանալուց երկու օր առաջ: Վերլուծաբանները կարծում են, որ Մանսուրի նշանակմամբ Մուրսին փորձել է ամրապնդել իր իշխանությունը:
Մուհամմադ Մուրսին այժմ գտնվում է կալանքի տակ՝ պաշտպանության նախարարության շենքում: «Մուսուլման եղբայրներ» շարժման նրա համախոհները նույնպես կալանքի տակ են: Նրանք պնդում են, որ իրենց դեմ իսկական որս է սկսվել: Բացի այդ, դադարեցվել է նաև Մուրսիին աջակցող հեռուստաալիքների հեռարձակումը:











































