Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդուլազիզը շնորհավորել է Եգիպտոսի բանակին այն կապակցությամբ, որ վերջինիս հաջողվել է վերահսկողության տակ վերցնել երկրում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Եգիպտոսի Զինված ուժերի հրամանատարությունը քաղաքական ուժերին 48 ժամ էր տվել ժողովրդի պահանջները կատարելու համար:
Վերջնագրի ավարտից հետո բանակը երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին հեռացրել է իշխանությունից՝ ժամանակավորապես դադարեցնելով սահմանադրության գործողությունը, իսկ Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը ստանձնել է պետության ղեկավարի պարտականություններն անցումային ժամանակաշրջանում: Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ:









































