Իսպանացի նկարիչ Էլ Գրեկոյի «Սուրբ Դոմինիկի աղոթքը» նկարը (1600-1610) երեկ Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 9.154 մլն ֆունտով (14 մլն դոլար): Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
«Սուրբ Դոմինիկի աղոթքը» նկարը, որը վաճառքի էր հանվել հին վարպետների աշխատանքի աճուրդի շրջանակում, գնային նոր ռեկորդ է սահմանել այդ շրջանում իսպանացի նկարիչների ստեղծած աշխատանքներում:
Նշենք, որ նկարի մեկնարկային գինը եղել է 3-5 մլն ֆունտ: Նույնքան էլ գնահատվել է Էլ Գրեկոյի՝ աճուրդի դրված երկրորդ նկարը՝ «Հիսուսը խաչի վրա»: Այն վաճառվել է 3.442 մլն ֆունտով (ավելի քան 5 մլն դոլար):
Լոնդոնում անցկացված աճուրդին ներկայացված է եղել 43 լոտ: Աճուրդից ստացված ընդհանուր եկամուտը կազել է 35 մլն 48 հազար ֆունտ:
Sotheby’s-ի ներկայացուցիչները նշել են, որ աճուրդը գրավել է Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներից ռեկորդային թվով գնորդների:









































