Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի հասցեներով՝ փողերի լվացման գործով հետաքննության օպերացիայի շրջանակում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խուզարկությունների նպատակն է եղել փաստաթղթերի առգրավումը և, հավանաբար, գույքի կալանքը:
Քննչական գործողություններն անցկացվել են շվեյցարական դատախազության խնդրանքով, որը հետաքննություն է անցկացնում Ուզբեկստանի մի քանի քաղաքացիների դեմ: Նրանք բոլորը կապված են Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի հետ:
Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ են անցկացվել ոստիկանական «ռեյդերը», սակայն Տաշքենդի հետ կապեր ունեցող իրազեկ աղբյուրը հաստատել է, որ փարիզյան բնակարանը, որտեղ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել, իսկապես պատկանում է Քարիմովային:
Նույն աղբյուրի խոսքով՝ Քարիմովան օպերացիայի պահին գտնվել է Եվրոպայում, սակայն իմանալով այդ մասին՝ անհապաղ վերադարձել է հայրենիք: Հաղորդվում է, որ նա պատրաստվում է դատարանում վիճարկել ֆրանսիական իշխանությունների գործողությունները:











































