Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին տնային կալանքի տակ է: Այս դեռևս պաշտոնական աղբյուրների կողմից չհաստատված լուրը հայտնել է «Էլ-Հայաթ» հեռուստաալիքը:
Ըստ որոշ լուրերի՝ նախագահից վերցրել են բջջային հեռախոսը և արգելել կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: Հայտնի չէ նաև, թե որտեղ է գտնվում նախագահը: Տեղեկություններ կան, որ նա այժմ գտնվում է հանրապետական գվարդիայի «վերահսկողության» ներքո:
Աղբյուրները նշում են, որ այժմ Մուրսին չի կարող ոչ մի քաղաքական հրաման տալ: Բացի այդ, զինուժն արգելել է պետական հեռուստաալիքին հրապարակել նախագահի վարչակազմի կողմից ցանկացած հայտարարություն:
Երկրի զինուժը նախագահին և նրա շրջապատին արգելել է երկիրը լքել դեռևս հուլիսի 1-ի երեկոյան: Ռազմական ուժերի վերահսկողության ներքո են գտնվում երկրի բոլոր՝ օդային, ցամաքային և ծովային ճանապարհները:









































