Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում Անկարայի համար անընդունելի է համարել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, ով ԵՄ-ի անունից մտահոգություն է հայտնել Թուրքիայի վերջին իրադարձությունների կապակցությամբ.
«ԵՄ-ը, որը չի կարող բաց կերպ PKK-ին կոչ անել վայր դնել զենքը, ահաբեկիչներին թույլ է տալիս ազատորեն տեղաշարժվել ԵՄ-ում և վարում է հակաթուրքական քարոզչություն, անգամ PKK-ի կողմնակիցներին թույլատրում է ցուցահանդես բացել Եվրոպական խորհրդարանի շենքում, PKK-ի գործունեությունը որակում է որպես զինված պայքար, երբ խոսքը Թուրքիայի մասին է, ըստ էության կորցրել է հեղինակությունը և թուրք ժողովրդի վստահությունը ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
ԵՄ-ը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից Թուրքիային չի ցուցաբերել ակնկալելի աջակցություն՝ ցուցաբերելով կանխակալ վերաբերմունք։ Դժբախտաբար, ԵՄ-ը համառորեն չի ցանկանում հասկանալ ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Թուրքիայի համար»։










































