Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ավանդական կապերին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ն հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Բաքու աշխատանքային այցի հետ կապված:
«Մեծ նշանակություն ենք տալիս ավանդական կապերի ընդլայնմանը հումանիտար ոլորտում, Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված սերտ հոգևոր շփման պահպանմանը և զարգացմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվական և լրատվության վարչության տարածած մեկնաբանության մեջ:
«Առաջիկա բանակցությունները դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության կոնտեքստում»,- ասվում է մեկնաբանության մեջ:
«Բաքվում հանդիպումների ընթացքում տեղի կունենա երկկողմ օրակագի արդիական հարցերի քննարկում, ինչպես նաև կարծիքների փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված՝ զարգացնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում վերջին գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպյան տարածաշրջանում: Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք իրավահավասարության, իրար շահերը հարգելու և բարիդրացիության հիման վրա»,- նշում են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:









































