Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայն օտարերկրյա ուժերին և հրեական սփյուռքին մեղադրել է երկրում զանգվածային ցույցերի կազմակերպման համար, հաղորդում է Hurriyet-ը:
Նրա խոսքերով՝ կան մարդիկ, որոնք նախանձում են Թուրքիայի հաջող զարգացմանը, և նրանք միավորվում են, այդ թվում՝ հրեական սփյուռքը: Աթալայը չի հստակեցրել, թե հրեաներն ինչպես կարող էին ազդել զանգվածային ցույցերի առաջացման և սրման վրա:
Թուրքիայի հրեական համայնքն արդեն պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել այս կապակցությամբ: Հաղորդվում է, որ սփյուռքը տեղեկատվություն է հավաքում այն մասին, թե Աթալայն իրականում ինչ է ի նկատի ունեցել:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում ցույցերի կազմակերպման մեջ մեղադրել էր արտասահմանյան պետություններին և «ֆինանսիստների համաշխարհային լոբբիին»: Նրա խոսքերով՝ ցուցարարներին ղեկավարում են ահաբեկիչները:







































