Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Իրանում անցկացված նախագահական ընտրություններին և հայկական համայնքի սպասելիքներին:
Նա նշեց, որ Իրանում վերջին նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ արդեն ակտիվ կերպով նախընտրական քարոզարշավ էին ծավալել Իրանի հիմնական երեք հոսանքները՝ ֆունդամենտալիստների կամ ավանդական, ծայրահեղական և ռեֆորմիստական:
Կարեն Խանլարյանի դիտարկմամբ՝ նախընտրական եռուզեռը խոսում էր այն մասին, որ Իրանում ժողովուրդն իր տնտեսական հարցերի լուծումը կապում է նախագահի հետ,և մեծ է այդ ակնկալիքը նաև հիմա տնտեսական հարցերը լուծելու համար, ինչով էլ պայմանավորված՝ բոլոր թեկնածուները նախընտրական ծրագրերն այդ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ էին կառուցել:
Ընտրություններին մասնակցությունը 73 տոկոս էր, որից 51 տոկոսն իր ձայները տվեց բարեփոխիչ Հասան Ռուհանիին:
Ընտրություններին հանրության մասնակցությունը ռեկորդային էր Իրանի համար:
Նա նշեց, որ Իրանում ժողովրդավարությունն ունի նաև ազգային բնույթ, թեև այն համամարդկային արժեք է, բայց գործածման իմաստով ունենում է ազգային բնույթ, և համապատասխանեցվում է ավանդական չափանիշներին: Իրանում դեմոկրատիայի այդ տեսակը, պատգամավորի խոսքերով, անվանում են «կրոնական դեմոկրատիա»:
Նա նշեց, որ Իրանի հայ համայնքը նախագահին է ներկայացրել իր պահանջները, որոնցից առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, մյուսը փոքրամասնության գործադիր մարմնում պաշոտնների ստանձնումը, առաջարկել են նաև կրոնական փոքրամասնությունների գծով խորհրդական, ինչպես նաև՝ նախագահի խորհրդական:
Ամենակարևորը, ըստ նրա, հայ համայնքի համար Ցեղասպանության ճանաչման հարցն է։ «Այս տարի ապրիլի 24-ին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի փոխոսնակը փաստի ընդունման և դատապարտման ելույթով հանդես եկավ, ինչը բարձր մակարդակի պատասխանատու անձի խոսք էր: Այստեղ օրենսդիր ոլորտի պատասխանատու մարդը ճանաչեց Հարյոց ցեղասպանությունը և դատապարտեց որպես մարդու դեմ ուղղված ոճիր»,- ասաց Կարեն Խանլարյանը:
Նա նշեց, որ ներկայումս Իրանի հայկական համայնքից (մոտ 60-70 հազար անդամ) արտագաղթը շարունակվում է, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական խնդիրներով: Հայերն Իրանից արտագաղթում են հիմնականում արևմտյան երկրներ, Կանադա և այլն:










































