Հուլիսի 3-ի գիշերը Ռուսաստանի Ռժևի շրջանի (Տվերի մարզ) սրճարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որին մասնակցել է 8 մարդ:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Տվերի երկրամասի Ռուսաստանի ՆԳՆ վարչության մամլո ծառայությանը, վեճը տեղի է ունեցել անձնական թշնամանքի հողի վրա՝ կողմերից մեկի ավտոմեքենայի վաճառքի ժամանակ:
Թերթի տվյալներով՝ կռիվը տեղի է ունեցել հայերի և ռուսների միջև: Մեքենան վաճառել են հայերը: Վեճը վերածվել է դանակի և տրավմատիկ զենքի կիրառմամբ կռվի, որի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել մեկ հայ և մեկ ռուս: Նրանք հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
«Տեղի ունեցածի մանրամասներն ինձ դեռևս հայտնի չեն, սակայն կռվի փաստը կարող եմ հաստատել: Գիտեմ, որ ոչ ոք լրջորեն չի տուժել, ինձ զանգահարել են գիշերը և հաղորդել այդ մասին»,- ասել է Տվերի մարզի հայկական համայնքի ղեկավար Սեյրան Քաչքանյանը:









































