Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Պյոտր Պորոշենկոն պայմանավորվել են Կիևում գումարել բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը:
Էրդողանի ու Պորոշենկոյի հանդիպումը կայացել է Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Պորոշենկոյի մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել Կիևում բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ անցկացնելու մասին պայմանավորվածություն, որում համանախագահելու են Թուրքիայի ու Ուկրաինայի նախագահները: Էրդողանն ու Պորոշենկոն երկու երկրների արտգործնախարարներին հրահանգել են պատրաստել այն:
Ուկրաինայի նախագահը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ կապված Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետ:
Էրդողանն իր հերթին Պորոշենկոյին վստահեցրել է, որ ոչինչ չի ազդի թուրք-ուկրաինական ռազմավարական գործընկերության ամրապնդման վրա:
Կողմերը նաև պայմանավորվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում և պետությունների միջև տնտեսական համագործակցության ակտիվացման շուրջ:









































