ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ բռնությունից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վարշավայում ընթացող գագաթնաժողովում:
«Ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում ևս կհիշատակենք ղարաբաղյան հակամարտությունը: Մեր ուղերձը հետևյալն է` կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնությունից և շարունակել խաղաղ և բանակցությունների հիման վրա լուծում գտնելու փորձերը: Մենք սատարում ենք խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ստոլտենբերգը գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
Հիշեցնենք, որ Վարշավայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպումը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: