Արարատի մարզի Վանաշեն գյուղում Լենան ապրում է մոր և որդու հետ՝ հողե, գրեթե փլված տնակում: Տունը կառուցվել է 1936 թվականին, և առ այսօր այնտեղ որևէ նորոգման աշխատանք չի իրականացվել։ Տունը «նստում» է, պատերը թեքվել են, ուռել, և վերջնական փլուզման վտանգը ժամ առ ժամ սպառնում է ընտանիքին: 88-ի երկրաշարժից հետո՝ 94-ին տան մի սենյակը փլվել է, իսկ հիմա տունը մաս-մաս փլվում է։ Քարի հանքի պայթեցումներն էլ իրենց հերթին են ազդում հողե տան «գոյության» վրա, քանի որ ամեն պայթեցումից այն ցնցվում է՝ սպառնալով վերջնական փլուզմամբ:
Տիկին Լենան պատմեց, որ գյուղում էլի կան հողե տներ, բայց մյուսները հիմք ունեն, քանդել են-նորից սարքել, իսկ քանի որ իր հայրը գնացել է պատերազմ, չի վերադարձել, մայրը երկու երեխաներին ստիպված է եղել մենակ մեծացնել, արդյունքում շինարարական որևէ աշխատանք չի իրականացվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
«Տունը կփլվի դեպի փողոց, չգիտեմ ինչ պետք է լինի… ո՞ւմ նամակ գրենք, ասում են դեռ պետք է մայրաքաղաքից մարդ բերեք՝ տան վթարային աստիճանը որոշելու համար, բայց այնքան կձգե՜ն, մինչև կփլվի, հետո կասեն՝ վա՜յ, փլվե՞ց տունը, բա ինչի՞ շուտ չէիք ասում, գայինք-սյուներ կանգնեցնեինք։ Բայց ի՞նչ անենք, գնանք փողոցում քնե՞նք: Աստված մեծ է, մի բան կանի էլի»,- ասաց դեռևս վերջնականապես չհուսահատված տիկին Լենան:
Հարցին, թե գյուղապետը որևէ աջակցություն ցուցաբերե՞լ է, պատասխանեց՝ ոչ, միայն այսօր ձմռան համար գյուղապետ Արտաշ Գրիգորյանը «մեկ կուբամետր փայտ է տվել»:
«Հին տուն է, խոհանոցում էլ չենք կարող մնալ, հին տուն, հին ապրանքներ: Ձմռանը չի լինում տաքացնել, ցուրտ և խոնավ է ամեն բան»,- ասաց տիկին Լենան:
Նա նշեց, որ տանն աշխատուժ չկա: Մեր այնտեղ եղած ժամանակ 15-ամյա որդին ծիրան էր տարել շուկա` հանձնելու, սակայն, ինչպես մայրն ասաց, 50 դրամով խնդրում է, ծիրան վերցնող չկա:
Լենայի մայրը թոշակառու է, ստանում է 30 հազար դրամ, նա էլ հիվանդ է, և ամբողջ թոշակը դեղերի վրա է ծախսվում:
«Եթե ծառին միրգ է լինում, վաճառում ենք, եթե կարողանում ենք։ Փորձում ենք ուտելը հասցնել, իսկ խանութին հա էլ պարտք ենք, բայց հարևաններից գերադասում եմ պարտք չանել, պարտք վերցնել չեմ սիրում առհասարակ»,- ասաց տիկին Լենան, ով թեև նախկինում աշխատում էր, սակայն հիմա որևէ աշխատանք չունի։
Մոր հույսը որդին է. «Մենք երկքաղաքացի ենք՝ Վրաստանի և Հայաստանի, ես ուզում եմ գնանք, իսկ որդիս չի ուզում: Բայց ես հոգնել եմ, անգամ քարե դարում նման հողե տնակում չեն ապրել։ Արդեն երկու տարի է՝ ջուր չկա, թեև ջրաչափը դեռ պահպանվում է»,- ասաց կինը, որ 21-րդ դարում ապրում է հողե տնակում:
«Դոմիկ» ձեռք բերելու համար պետք է 500-1000 դոլար, սակայն ընտանիքի համար դա մեծ գումար է:






































