Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ընթանում է Անդրանիկ Հովհաննիսյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 38-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, լինելով պաշտոնատար անձ՝ զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, խախտել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի պահանջները:
Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ՝ նա 2010 թվականից մինչև 2012 թվականի մայիս ամիսը զորամասի բնականոն գործունեությունն ապահովելու, մարտական առաջադրանքները կատարելու համար համապատասխան ապրանքագրերով ստացել է ՀՀ ՊՆ-ի կողմից զորամասին հատկացված, իրեն վստահված, առանձնապես խոշոր չափերի՝ 23.320 կգ, ընդհանուր՝ 13 միլիոն 992 հազար դրամ արժողությամբ բենզինը: Շահադիտական նպատակներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կեղծիք կատարելով՝ Հովհաննիսյանը, առանց անհրաժեշտության, զորամասի տարբեր մեքենաների համար կազմել է անհիմն ուղեգրեր, նշել անհիմն երթեր, դուրս գրել ստացված բենզինը և յուրացնելով հափշտակել այն՝ ՊՆ-ին պատճառելով էական՝ 13 միլիոն 992 հազար դրամի նյութական վնաս:
Անդրանիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314 հոդվածով, 375 հոդվածի 1-ին մասով:
Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:







































