Գերմանիայի Մյունխեն քաղաքում շինհրապարակում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ավիառումբ, որը, ենթադրաբար, ամերիկյան արտադրության է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Իրավապահ մարմինները հավաստիացրել են, որ 250 կիլոգրամանոց ռումբի ականազերծումը տեղի կունենա առաջիկա ժամերին:
Շուրջ հազար մարդ է տարհանվել բնակելի տներից, խանութներից, դպրոցից և մանկապարտեզներից՝ գտածոյի վայրից մի քանի հարյուր մետր շառավղով:
Մի շարք հարակից փողոցներ փակ են, քաղաքային տրանսպորտն աշխատում է ուշացումով:
Նշենք, որ Երկրորդ աշխարհամարտի վերջում Գերմանիայի վրա նետել են ավելի քան 2 միլիոն ռումբ, որի ավելի քան 20 %-ը չի պայթել:










































