ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պահպանում են Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովի անցկացման վերաբերյալ մտադրությունները, սակայն դրա անցկացման ժամկետը դեռևս որոշված չէ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել է Քերին Բրունեյում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վարած բանակցություններից հետո, երկու կողմերը համաձայնել են, որ համաժողովը պետք է անցկացնել հնարավորինս շուտ, սակայն հստակ հայտնի է, որ այն օգոստոսից շուտ չի կայանա:
Հունիսի 25-ին Ժնևում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների ժամանակ հերթական անգամ չի հաջողվել համաձայնեցնել համաժողովի անցկացման ամսաթիվը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի խոսքով՝ համաժողովի անցկացման ժամկետը չի որոշվել, քանի որ որոշ հարցեր մնում են չկարգավորված, մասնավորապես գագաթնաժողովին Իրանի ներկայացուցիչների մասնակցության հարցը:









































