Հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր թեմաները կդառնան Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հետևանքները, Ռուսաստանի հետ հարաբերությունները և ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Աֆղանստանի իրադրությունը և փախստականների հետ կապված իրավիճակը Եվրոպայում։ Այս մասին հայտնել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասնակցությանը նվիրված ճեպազրույցի ընթացքում Ռոդսը հայտարարել է, որ ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կլինի քննարկելու անդրատլանտյան և գլոբալ անվտանգության հարցերը:
«Ես կարծում եմ, որ մենք կփոխգործակցենք եվրոպացի գործընկերների հետ Brexit-ի հետևանքների, վերջին տարիներին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության, մեր հակաահաբեկչական ջանքերի շրջանակներում լայն անհանգստության, փախստականների հետ կապված իրադրության համատեքստում»,- ասել է Ռոդսը:
Նա հավելել է, որ Աֆղանստանի իրադրությունը կքննարկվի ղեկավարների առանձին նիստում՝ կենտրոնաասիական երկրի նախագահ Աշրաֆ Գանիի մասնակցությամբ։









































