Ֆրանսիային հաջողվել է առաջ անցնել Մեծ Բրիտանիայից աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում և զբաղեցնել հինգերորդ տեղը` Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեից հետո բրիտանական ազգային արժույթի թուլացման ֆոնի վրա, հայտնում է Reuters-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում այս կամ այն երկրի տեղը սահմանվում է նրանց ազգային արժույթի միջինացված փոխարժեքով` դիտարկվող տարվա ընթացքում:
Այսպես, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2015 թվականին կազմել է 1.864 տրիլիոն ֆունտ ստեռլինգ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը երեքշաբթի ընկել է 1.17 եվրոյից ցածր` 2013 թվականից հետո առաջին անգամ: Դա հաշվի առնելով՝ 2015 թվականին Բրիտանիայի ՀՆԱ-ն եղել է համարժեք 2.172 տրիլիոն եվրոյի, որը ավելի քիչ է Ֆրանսիայի անցյալ տարվա պաշտոնական ՀՆԱ-ից` 2.182 տրիլիոն եվրոյից:












































