Գործարար վստահության մակարդակը Բրիտանիայում կտրուկ նվազել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի արդյունքներից հետո։ Այս մասին է վկայում YouGov սոցիոլոգիական գործակալության և Էկոնոմիկայի ու բիզնես-հետազոտությունների կենտրոնի (CEBR) հետազոտությունը։
Բրիտանական տնտեսության հեռանկարներին հոռետեսորեն վերաբերող ընկերությունների մասնաբաժինը կրկնակի մեծացել է քվեարկությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Մինչ հանրաքվեն այդ ցուցանիշը կազմել է 25 տոկոս, սակայն դրանից հետո բարձրացել է մինչև 49 տոկոս։
Գործարար վստահության անկումը կարող է ստիպել ընկերություններին հրաժարվել ներդրումներից և նոր աշխատակիցներ վարձելուց։
«Դա ենթադրում է, որ տնտեսությանը սպասվում է զգալի դանդաղում առաջիկա 3-6 ամսում»,- հայտարարել է CEBR-ի տնօրեն Սքոթ Կորֆը։
Անցած շաբաթ YouGov-ը նաև փաստել է սպառողների շրջանում բացասական տրամադրությունների աճ։ Սպառողական վստահությունը նվազել է՝ հասնելով 2013 թվականի մայիսի մակարդակին։









































