Սաուդյան Արաբիայի արևմտյան Մեդինա քաղաքում՝ Մարգարեի մզկիթի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել են ուժային կառույցների 4 աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ին։
Նախարարությունում նշել են, որ կրոնական համալիրի այցելուների նկատմամբ ահաբեկչական հարձակումը հնարավոր է եղել կանխել իրավապահների զգոնության շնորհիվ։
Մահապարտը փորձել էր ներխուժել մզկիթ, սակայն կասկած էր առաջացրել իրավապահների մոտ, և երբ նրանք փորձել են խոչընդոտել ահաբեկչին, նա գործի է դրել մարմնին ամրացված պայթուցիկը։
Փաստի առիթվ հետաքննություն է սկսվել։ Մզկիթի մուտքերին տեղակայվել են հավելյալ ստուգման կետեր։
Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։
Մարգարեի մզկիթը իսլամում երկրորդ սրբավայրն է՝ Մեքքայի Սուրբ մզկիթից հետո։











































