«Շերեմետևո» օդանավակայանում հաստատել են, որ Էդվարդ Սնոուդենը խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել Ռուսաստանում: Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով «Շերեմետևոյում» Ռուսաստանի ԱԳՆ-ի հերթապահ դեսպան Կիմ Շևչենկոյին:
«Երեկոյան 22.30-ին դեսպանատան կետ է դիմել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սառա Հարիսոնը, ով ներկայացել է որպես փաստաբան և Էդվարդ Սնոուդենի վստահված անձ: Նա փոխանցել է Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու Սնոուդենի խնդրանքը»,- պատմել է Շևչենկոն:
Շևչենկոն հավելել է, որ ինքն ընդունել է փաստաթղթերի փաթեթը, կապ է հաստատել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ և փոխանցել է փաստաթղթերը մատակարարին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու Էդվարդ Սնոուդենի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:







































