Վերջին ամիսներին նոր շարժ է նկատվում ԼՂՀ կարգավորման գործընթացում:Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով Եվրամիության՝ ԼՂՀ կարգավորման գործընթացում մասնակցության մասին:
Սվիտալսկու խոսքով Վիեննայի գագաթաժողովը նոր գլուխ բացեց ԼՂՀ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում, փորձ արվեց գտնել ազնիվ և բազմակողմանի լուծում այս խնդրում:
«Այս գործընթացը շարունակվում է: Եվրամիությունն ամբողջովին աջակցում է հիմնախնդրի կարգավորման այս ձևաչափին. գլխավոր դերը Մինսկի խմբի համանախագահներինն է: Եվրամիությունն այս գործընթացում աջակցում է»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Նա նշեց, որ շուտով՝ հենց վաղը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը գալու է Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի Հանրապետության Նախագահի, Արտաքին գործերի նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ ԵՄ դեսպանի՝ նա այցով նպատակ ունի հանդես գալ՝ որպես ԼՂՀ կարգավորման գործընթացի աջակից:
«Ես կարող եմ ասել, որ հիմա շատ հանրային դիվանագիտության ժամանակ չէ: Մենք փորձում ենք խաղաղ կարգավորմանը տանող գործընթացին աջակցել»,– ասաց դեսպանը, հավելելով, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը:
Լուսանկարը` PAN Photo-ի









































