Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) միջազգային լրագրողական կազմակերպությունը դատապարտել է քաղաքական վտարանդի, լրագրող Գանիմաթ Զահիդի երկու ազգականներին Ադրբեջանում 6 տարով ազատազրկման դատապարտելու մասին որոշումը։
Նրանք դատապարտվել են հնարովի մեղադրանքներով՝ թմրանյութեր պահպանելու համար, ինչը հաճախակի է օգտագործվում կառավարության քննադատների դեմ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից։
Գանիմաթ Զահիդի երկու ազգականների՝ Ռովշան Զահիդովի ու Ռուֆաթ Զահիդովի հանդեպ դատավճիռը կայացվել է հունիսի 28-ին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրանք գրեթե մեկ տարի են անցկացրել նախնական կալանքի մեջ։
Զահիդը «Ադրբեջանական ժամ» անվանմամբ հեռուստատեսային ծրագրի հաղորդավարն է, որը հեռարձակվում է արտերկրում և «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիրը։ Ադրբեջանը RWB-ի «Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույցում զբաղեցնում է 163-րդ տեղը՝ 180 երկրից։









































