Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ասատրյանի նախագահությամբ ընթանում է Արամ Ղազարյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում 27-ամյա Արամ Ղազարյանը վիճաբանել է Նվեր Սերգիյանի և նրա ընկերների հետ: Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ երկաթգծի «Սևան» կայարանի դիմաց գտնվող հրապարակում Ղազարյանը խուլիգանական դրդումներով, Նվեր Սերգիյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մինչ այդ իր հետ վիճաբանող մարդկանց և այլ անձանց՝ հրապարակում գտնվելու պայմաններում, հիշյալ ընկերությանը պատկանող «Միցուբիշի» մակնիշի մեքենայով պտույտներ է կատարել հրապարակում, մեքենան վարել Նվեր Սերգիյանի վրա, նրան վրաերթի ենթարկել ու, ապօրինաբար զրկելով կյանքից, դիմել է փախուստի:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում Այգեվան-Եղեգնավան միջհամայնքային ավտոճանապարհին Արամ Ղազարյանը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Արամ Ղազարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով և 316 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:







































