«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ալ-Զավահիրին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կբախվեն «ծանր հետևանքների»՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության համար դատապարտված Ջոհար Ցարնաևին մահապատժի ենթարկելու դեպքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին «ծանր հետևանքներ» են սպասվում նաև ցանկացած այլ մուսուլմանի մահապատժի դեպքում։
Հունիսի 24-ին Ջոհար Ցարնաևը պաշտոնապես դատապարտվել էր մահապատժի։ 2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունը խլել է 3 մարդու կյանք, ավելի քան 260 մարդ վիրավորվել էր։ Թամերլան Ցարնաևը սպանվել էր ոստիկանների կողմից, նրա եղբայրը՝ Ջոհարը, ձերբակալվել էր։







































