Եգիպտոսի ընդդիմութունը նախագահ Մուհամմադ Մուրսիին երկու օր է տվել՝ պաշտոնը լքելու համար: Ինչպես ասվում է «Տամարրուդ» (Խռովություն) երիտասարդական շարժման հայտարարության մեջ, որը հունիսի 30-ի զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպիչն է, նախագահը լիազորությունները վայր դնելու և արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստման համար ժամանակ ունի մինչև երեքշաբթի ժամը 17.00-ը (Երևանի ժամանակով՝ ժամը 19.00): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրանք խոստացել են հակառակ դեպքում եգիպտացի ժողովրդին կոչ անել զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնել բոլոր հրապարակներում, այդ թվում՝ նախագահական պալատի:
Նշվում է, որ իրենք համաձայն չեն միջանկյալ որոշումներին, փոխզիջումներին ու այլընտրանքներին, այլ ցանկանում են «Մուսուլման եղբայրների» իշխանության խաղաղ ավարտ: Շարժումը խոստացել է պահպանել ելույթների խաղաղ բնույթը:
Վերջին տվյալներով՝ անցած գիշեր նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի ունեցած բախումների հտևանքով զոհվել է 14, վիրավորվել 613 մարդ:
Երեկ Մուրսին հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը, սակայն պատրաստ է երկխոսության:











































