«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով քաղաքական գործիչների հարցաքննությունները:
Ստորև ներկայացնում ենք 1999 թվականի ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ՝ Ա. Եղոյանը:
հ.9
գ.թ. 96-100
11.11.99
15.40-17.50 Դալլաքյան Վիկտոր Երվանդի
ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Քննիչ՝ Ա. Եղոյան
գ.թ. 96.
Բնակվում եմ վերոհիշյալ հասցեում և հանդիսանում եմ ՀՀ ԱԺ պատգամավոր: Պատգամավոր եմ եղել նաև 1995-1999 թթ.: 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել եմ
գ.թ. 96. հ. երես
ԱԺ պատգամավոր և սեպտեմբեր ամսից ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն եմ եղել: Ս. թ. նոյեմբերի 10-ին ընտրվել եմ վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ: 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ դահլիճում տեղի ունեցած դեպքի ժամանակ գտնվել եմ դահլիճում և ականատես եմ եղել դահլիճում տեղի ունեցած դեպքերին, որի կապակցությամբ ցուցմունք եմ տալիս հետևյալի մասին:
Ես նստած եմ եղել 4-րդ շարքի թիվ 4 նստարանին, իմ աջ կողմում նստած են եղել էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը և որքան հիշում եմ նրա կողքին պետք է նստած լինել մշակույթի կամ տրանսպորտի նախարարը: Ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանի պատասխանի ժամանակ հանկարծակի դահլիճ ներխուժեց սպիտակ երկար անձրևանոցով, բարձրահասակ մի երիտասարդ և հայհոյանքներ տեղալով
գ.թ. 97.
Վազգեն Սարգսյանի և ժողովրդի արյունը ծծողների հասցեին ավտոմատից՝ մոտ 1,5-2 մետրից սկսեց կրակահերթերով կրակել առաջին շարքում նստած վարչապետի վրա: Կրակահերթերի ժամանակ նախարար Դ. Զադոյանը ինձ տապալեց գետնին և մոտ 15-20 րոպե մենք մնացինք գետնին պառկած: Այդ ընթացքում հաջողվում էր մեկ մեկ նայել, թե դահլիճում ինչ է կատարվում: Ահաբեկիչներից մեկը բարձրացել էր բեմի վրա և մի պահ նստեց աջ կողմի նստարանին և դիմեց ժողովրդին՝ կոչ անելով գալ Ազգային ժողով և բազմիցս կրկնելով, որ վերջապես սատկացրել ենք Ձեզ ճնշողին: Այդ ամբողջ ընթացքում հեռախոսով խոսում էին տարբեր մարդկանց հետ և նշում, որ իրենք իրենց գործը արել վերջացրել են
գ.թ. 97. հ. երես
և սպասում են ժողովրդի և զինված մարդկանց գալուն: Օրինակ, խոսակցություններից մեկի ժամանակ Նաիրին ասաց «Տիկո դե շուտ արեք եկեք, զենքերը բերեք, ժողովրդին էլ բերեք»: Իմ դիտարկումներով ահաբեկիչների ծրագիրը 2 մասից էր բաղկացած՝ ղեկավարների ֆիզիկական ոչնչացում և դրանից հետո ինչ որ մարդկանց և զինված մարդկանց հրավիրում ԱԺ դահլիճ: Անգամ մեզ հարցրեցին, թե այսօր քվորում ունեցել եք, թե ոչ և Նաիրին էլ պատասխանեց, որ երբեք քվորում չենք ունեցել և մեր ընդունած օրինագծերը անօրինական են: Նրանք պատրաստվում էին դահլիճ բերել բացակա պատգամավորների և սկսել նիստը: Ահաբեկիչները մարդկանց սպանդը կատարելուց հետո կարող էին շատ
գ.թ. 98.
հանգիստ, անարգել դուրս գալ ԱԺ դահլիճի զուգահեռ ֆոյեով, որը լրիվ անպաշտպան էր, բայց քանի որ նրանք անընդհատ դրսից օգնություն էին սպասում իրեն ծրագրի երկրորդ մասը իրականացնելու համար, որը ես գնահատում եմ որպես պետական հեղաշրջման փորձ, ուստի նրանք համբերատար սպասում էին օգնության՝ բազմիցս հեռախոսակապով դիմելով տարբեր մարդկանց: Գործում էին ազատ, բացահայտ և անկաշկանդ: Հիշում եմ մեկ հեռախոսի համար՝ 46-30-70: Երբ 30-40 րոպե անցել էր նրանք դահլիճում տեղաբաշխվեցին հետևյալ կերպ: Նաիրին և իր եղբայրը կանգնած էին քարտուղարության բաժնում, երկրորդ ահաբեկիչը
գ.թ. 98. հ. երես
հսկում էր բեմից դահլիճ մտնող մուտքը, չորրորդ ահաբեկիչը շրջում էր դահլիճում՝ զենքը ձեռքին, իսկ հինգերորդ ահաբեկիչը դիրքավորվել էր լրագրողական օթյակում՝ աջ կողմի վերջի շարքի ծայրի նստարանին: Դա Վռամ Գալստյանն էր: Մոտավորապես ժ. 8-ի սահմաններում (երեկոյան) նա ավտոմատը ձեռքին իջավ դահլիճ՝ քարտուղարության մոտ և սպառնալիքներ տեղալով, այնուհետև նստեց իր տեղում: Ես մոտեցա լրագրողների օթյակին և դիմեցի նրան՝ խնդրելով իր հետ զրուցելու թույլտվություն: Վռամը շատ սիրալիր համաձայնվեց և ես շուրջ 1 ժամ 45-50 րոպե զրուցեցի նրա հետ: Զրույցի նպատակը նրան հանգստացնելը և զոհվածների դիակները դուրս բերելու թույլտվություն ստանալն էր:
գ.թ. 99.
Նա ասաց, որ Մարտունու Վերին Գետաշեն գյուղից է և ունի 3 տղա: Ես ասացի, որ դահլիճում նստած պատգամավորները նույնպես երեխաներ ունեն և պետք չէ նրանց վնասել: Վռամը համաձայնվեց ինձ հետ: Այնուհետև ես հարցրեցի, թե ինչ են ուզում անել: Նա պատասխանեց և պատասխանը շատ անկեղծ էր, որ քիչ հետո դահլիճ կմտնեն մեծաքանակ զինյալներ և ժողովուրդ, որոնք վաղուց դրսում սպասում են և Ազգային ժողովը կսկսի իր նիստը: Նա անընդհատ կրկնում էր, որ իրենց նպատակը Վ. Սարգսյանին սպանելն էր: Ես հարցրեցի, թե այդ դեպքում ինչո՞ւ սպանեցին մյուսներին և Վ. Սարգսյանին
գ.թ. 99. հ. երես
ինչու սպանեցին ԱԺ դահլիճում: Չէ որ դա կարելի էր անել նաև այլ վայրում՝ առավել հեշտությամբ: Վռամը պատասխանեց, որ այս օրը պլանավորված էր և կատարման տեղն էլ պայմանավորված էր նրանով, որ Ազգային ժողովի նիստում նոր կառավարություն կձևավորվի և այդ ամենը կհեռարձակվի հեռուստատեսությամբ և նշեց, որ քիչ հետո դահլիճ կբերեն նաև այլ պատգամավորների, որպեսզի քվորումը ապահովվի: Այդ նախատեսվող նիստի ժամանակ պետք է ձևավորվեր ժամանակավոր կառավարություն՝ այդ թվում չբացառելով, որ այդ կառավարությունը կարող է գլխավորել Նաիրին:
գ.թ. 100.
Այսինքն նրանք միանշանակ սպասում էին դրսից օգնություն և չէին հեռանում դահլիճից, անընդհատ նշելով, որ մեզ ոչ թե պատանդ են պահում, այլ բերելու են նաև այլ պատգամավորների, և նիստը դարձնելու են օրինական: Ի դեպ Ազգային ժողովի 6 խմբակցությունների նախագահներից դահլիճում ներկա է եղել սկզբից մինչև վերջ միայն ՙՄիասնություն՚ դաշինքի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, որը իրեն պահում էր տղամարդու նման: Լեոնարդ Պետրոսյանը նստած էր երկրորդ, թե երրորդ շարքի աջ կողմում: Նրան գնդակահարել են դիմացից, նպատակային, հակառակ
գ.թ. 100. հ. երես
դեպքում կզոհվեին նաև Խ. Հարությունյանը, Շ. Կարամանուկյանը և այլն: Ռ. Միրոյանը սպանված էր բեմից դահլիճի ետնամաս գնացող հատվածի աստիճանների վրա: Դահլիճում բացի ներխուժածներից երևի մեկը չի կրակել: Նրանք իրենց պահում էին շատ հանգիստ, վստահ իրենց նպատակի վրա, կրակում էին շատ լավ: Ձեր հարցին պատասխանում եմ, որ Մուշեղ Մովսիսյանին չեմ տեսել և դեպքի պահին նրան դահլիճում չեմ նկատել:
Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է:
Վիկտոր Դալլաքյան











































