Մեզ շրջապատող հարևանների, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին խոսելու փոխարեն, իշխանական քարոզչությունը զբաղված է Հայաստանի քաղաքացիներին այս կամ այն երկրի հետ Ադրբեջանի ունեցած խնդիրների մասին տեղեկատվությամբ սնելով:
Հաշվարկը հետևյալն է` Հայաստանի քաղաքացին, որ սպառում է այդ տեղեկատվությունը, քանի որ որևէ հեռուստաալիքով այլ տեղեկատվություն նրան չի մատուցվում, կսկսի մտածել, թե եթե Ադրբեջանի գործերը Ռուսաստանի հետ վատ են, ուրեմն Հայաստանի գործերը լավ են: Եթե քաղաքացին այդպես մտածի, դա դեռ ոչինչ: Ցավալին ու մտահոգիչն այն է, որ իշխանությունը մտածում է, թե եթե քաղաքացին այդպես մտածի, ապա իր համար ամեն ինչ շատ լավ կլինի: Առավել ևս վտանգավոր է, եթե իշխանությունը մտածի, որ քաղաքացու այդ մտայնության դեպքում լավ է ոչ միայն իր, այսինքն` իշխանության, այլ նաև պետության համար:
Զավեշտալին այն է, որ այդ մտածողության կրող իշխանությունը խոսում է Հայաստանի տեղեկատվական անվտանգության մասին, մշակում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ: Գոնե իշխանությունն ազնվություն ունենա և խոստովանի, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ սեփական տեղեկատվական անվտանգությունն է: Բանն այն է, որ Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը չի կարող ապահովվել, եթե Հայաստանի քաղաքացին սնվում է միայն Ադրբեջանի սխալների և բացթողումների մասին տեղեկատվությամբ: Կարելի է համաձայնել, որ երբեմն պատահում է, երբ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցները քաղաքացիներին սնում են Ադրբեջանի հաջողությունների մասին տեղեկատվությամբ` միայն այն բանի համար, որ քաղաքացու մոտ անվստահություն առաջացնեն Հայաստանի իշխանության հանդեպ: Բայց խնդիրն այն է, որ այդ մոտեցումը պետության անվտանգության տեսանկյունից առավել շահեկան է, քանի որ Ադրբեջանի հաջողությունը Հայաստանի քաղաքացուն ստիպում է դուրս գալ այն արխայինության մթնոլորտից, որի մեջ նրան դնում են տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին կենացներով, ադրբեջանական տնտեսության փուչիկի մոտալուտ պայթյունի մասին կանխատեսումներով և այդօրինակ այլ հնարքներով:
Ադրբեջանի հաջողության մասին տեղեկատվությունը, եթե նույնիսկ ինչ-որ տեղ չափազանցված է, Հայաստանի հասարակությանը կարող է ստիպել մտածել: Իսկ իշխանության խնդիրը այդ պարագայում ոչ թե Ադրբեջանի սխալների ու անհաջողությունների մասին մակերեսային վերլուծություններով այդ իրողությանը հակադրվելն է և այդ ճանապարհով իբր հասարակական ոգին բարձր, իսկ իրականում ուղղակի հասարակական միտքը քնած պահելն է, այլ հանրության մտածելու կարողությունից առավելագույն օգուտ քաղելը: Բայց նաև հասկանալի է, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունը ձևավորվում է ի հեճուկս հասարակության, այդ իշխանությունը չի կարող իր գործունեությունը հենել հասարակական մտքի վրա: Այդ միտքը իշխանության համար ական է, դրա համար էլ ցանկալի է, որ այն մնա անջատված: Իսկ դրա համար հարկավոր է, որ հասարակությանը պարբերաբար կերակրեն Ադրբեջանի տապալումների, սխալների և թերացումների մասին այսրոպեական դիտարկումներով:









































