Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում փոխպատվաստման ծրագիրը վերահսկող Խոսե Ռամոն Նունյեսը հայտարարել է, որ փոխպատվաստվող օրգանների առնվազն 10 տոկոսը մատակարարվում են «սև շուկայից»: Այս մասին հաղորդում է La Vanguardia-ն: Նունյեսը նաև նշել է, որ ԱՀԿ-ն մտադիր է պայքարել «սոցիալ-տնտեսական անհավասարության հետևանքների դեմ»:
Օրգանների ապօրինի առքուվաճառքը զարգացած է այնպիսի երկրներում և տարածաշրջաններում, ինչպիսին Պակիստանն է, Էկվադորը, Կոլումբիան, նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, Հեռավոր Արևելքը: Գնորդները զարգացած երկրների բնակիչներն են, հիմնականում՝ Իսրայելի և ԱՄՆ-ի:
«Սև շուկայի դեմ դժվար է պայքարել, սակայն հաջողությունների հասնում ենք»,- նշել է Նունյեսը: Օրինակ՝ ԱՀԿ-ն հասել է նրան, որ Պերուում նոր ձևաչափ են կիրառել՝ օտարերկրացուն օրգանների փոխպատվաստումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ապացուցի, որ առնվազն 2 տարի բնակվել է Պերուում: «Չինաստանում, վերջապես, հաջողվել է հասնել այն բանին, որ պետությունը չօգտագործի մահապատժի ենթարկվածների օրգանները, եթե նրանք և գլխավորը՝ նրա հարազատները չտան իրենց համաձայնությունը»,- գրում է թերթը:









































