Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է Heaven բարի սեփականատիրոջը, որտեղ անհետացել էր 12 հաճախորդ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ինչպես հաղորդել են իրավապահ մարմիններում, Էռնեստո Էսպինոզա Լոբոն ձերբակալվել է Մեխիկոյի արվարձանում՝ թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակում: Նրա մոտ հայտնաբերվել են «տոքսիկ նյութեր»: Նրա հետ միասին ոստիկանությունը ձերբակալել է ևս 8 մարդու:
Ներկայում ձերբակալվածը պետք է հարցաքննվի իրեն պատկանող բարից այցելուների անհետացման գործով:
Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին ոստիկանությունը ձերբակալել էր բարի 2 մատուցողի ու ինչ-որ կնոջ: Անհետ կորածներին հայտնաբերելու համար ոստիկանությունը խոստացել է 7,5 հազար դոլար պարգևատրում:
Heaven bar-ի այցելուները, այդ թվում՝ մոտ 20 տարեկան պատանիներ ու 16 տարեկան դեռահաս, անհետացել են Մեխիկոյի կենտրոնական զբոսաշրջային շրջանում:
Ականատեսների խոսքով՝ զինված մարդիկ հարձակվել էին բարի վրա, այնտեղից դուրս բերել 12 մարդկանց ու տարել անհայտ ուղղությամբ:










































