Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ծագմամբ Գերմանիայի քաղաքացիները ստեղծում են իրենց կուսակցությունը: Ընդգծվում է, որ արդեն իսկ մեկնարկել են այդ ուղղությամբ աշխատանքները:
Գործարար Ռեմզի Արուն նախօրեին Բեռլինում հայտարարել է, որ նոր կառույցը կոչվելու է «Գերմանիայի դեմոկրատների միություն» (Allianz Deutscher Demokraten): Տալով ծրագրի մեկնարկը՝ Արուն հայտարարել է, որ կուսակցության կարգախոսը լինելու է հետևյալը՝ «Համապատասխանեցնել, ոչ թե բաժանել»:
Նա ընդգծել է որ կուսակցության գրանցման ընթացակարգը կավարտվի մինչև ընթացիկ տարվա աշուն, ինչից հետո մտադիր են մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
«Մենք ծրագրում ենք կուսակցության ներկայացուցչություններ բացել ողջ Գերմանիայում և ձգտելու ենք աջակցել ներգաղթյալներին և ընդհանրապես՝ երկրի բնակչությանը: Նոր կուսակցության պոտենցիալ ընտրազանգվածը կազմում է 5-15 միլիոն մարդ»,- հայտնել է նա:










































