Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեղեկացրել է, որ այս տարի ռուսական շուկա կարտահանվի 100 միլիոն դոլարի վրացական գինի և հանքային ջուր, փոխանցում է Интерфакс-ը:
«Ենթադրվում է, որ այս տարի ռուսական շուկա կմատակարարվի 100 միլիոն դոլարի 5-10 միլիոն շիշ վրացական գինի և հանքային ջուր: Գինու առաջին խմբաքանակն արդեն հասել է Ռուսաստան և մոտակա օրերին կհայտնվի խանութներում: «Բորժոմի» և «Սաիրմե» հանքային ջրերն արդեն վաճառվում են»,- ասել է Աբաշիձեն:
Նա ռուսական շուկան ռիսկային է անվանել և ասել է, որ այդ ռիսկը վրացի գործարարները պետք է իրենց վրա վերցնեն:
«Ոչինչ բացառված չէ, սա է իրականությունը, և մենք դա չենք փոխի: Մեր նպատակը բիզնեսի առջև դռներ բացելն էր, իսկ թե կանցնեն այդ դռներով թե ոչ, մենք չենք որոշում»,- հայտարարել է հատուկ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2006 թ. արգելել էր վրացական գինու և հանքային ջրերի ներկրումը՝ դա պատճառաբանելով որակի հանդեպ բողոքներով:










































