Եվրամիության հունիսյան գագաթնաժողովը Բրյուսելում ավարտեց իր աշխատանքները: 2000 թվականից ի վեր այն ամենահանգիստներից էր: Դրա պատճառն այն էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհուրդ էր տվել օրակարգում չներառել ակնհայտ տարաձայնություններ առաջացնող հարցեր, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Գագաթնաժողովում կենտրոնական դարձան սոցիալական քաղաքականությանն առնչվող հարցերը: Մենք ընդունեցինք երիտասարդությանն աշխատանքով ապահովման ծրագիրը՝ 8 մլրդ եվրո արժողությամբ: Այդ գումարի հիմնական մասը պետք է ծախսվի առաջիկա 2 տարիների ընթացքում»,- ամփոփիչ ասուլիսում ասել է Հերման Վան Ռոմպեյը:
Նա նաև ընդգծել է, որ «ԵՄ բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առաջին հերթին սոցիալական ոլորտում»:
Այս գագաթնաժողովը վերջինն էր, որը տեղի է ունեցել Իռլանդիայի նախագահությամբ: Դրա հետ կապված՝ Վան Ռոմպեյը բարձր է գնահատել Իռլանդիայի աշխատանքը առաջին կիսամյակում:
Նա նաև հայտնել է, որ առաջնային է մնում եվրոգոտու երկրների Բանկային միություն ստեղծելու հարցը:
Գագաթնաժողովում կարևոր էր նաև Սերբիային ԵՄ կազմում ընդունելու գործընթացը սկսելու պայմանների համաձայնեցումը:









































