Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական կարևորագույն խնդիրների թեժացման ժամանակաշրջանում քննարկելով եվրասիականության և եվրոպականության դիլեման, Ադրբեջանին մատակարարված ռուսական զենքի խնդիրը, գազային մահակը և այլն՝ հայաստանյան հասարակական ակտիվը կարծես թե ինչ-որ չափով ուշադրությունից դուրս է թողել մեկ այլ կարևորագույն խնդիր՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակը: Ի վերջո՝ ամեն ինչ կամ առնվազն չափազանց շատ բան սկսվում է այստեղից, ձևավորվում է այստեղ, հետո միայն վերածվում արտաքին հարցերի լուծման մեխանիզմների: Եվ այդ իրողությունը պետք չէ մոռանալ, ինչքան էլ որ թեժ լինեն արտաքին զարգացումները և պահանջեն մեծ ուշադրություն:
Հայաստանում առկա սոցիալ-հոգեբանական վիճակը էապես սահմանափակում է պետական արտաքին քաղաքականության արդյունավետության հնարավորությունը, որովհետև այդ վիճակը պայմանավորված է առաջին հերթին հենց այդ պետության թալանով, որն իրականացնում է հենց այն իշխանությունը, որը զբաղվում է հենց այդ արտաքին քաղաքականությամբ: Իսկ սեփական պետությունն անխնա թալանող, իսկ հետո այդ թալանը դերասանական ժեստիկուլյացիայով և դեմքի իմաստուն արտահայտությամբ քողարկող իշխանությունները չեն կարող արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնել: Դա աքսիոմատիկ ճշմարտություն է ամբողջ աշխարհի համար և կրկնակի ճշմարիտ է Հայաստանի պարագայում, որովհետև Հայաստանի ռեսուրսներն այս տեսանկյունից խիստ սահմանափակ են, և դրանց մսխումը էլ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ արտաքին քաղաքական իմպոտենտություն առաջացնելու մասով:
Որևէ հզոր պետություն, որն ունի նյութական մեծ ռեսուրսներ և կարողանում է դրանք վերածել նաև ռազմական պոտենցիալի, կամ ունի նավթ և գազ, միգուցե կարող է իրեն թույլ տալ ներքին անարդարության պայմաններում, այնուամենայնիվ, ինչ-որ կշիռ ունենալ արտաքին հարցերում: Նման օրինակներ կան, և դրանք մի քանիսն են: Սակայն Հայաստանը չի կարող լինել այդպիսին, որովհետև Հայաստանը էներգակիրներով հարուստ չէ ու նաև չունի միջուկային զենք: Հայաստանի զենքը կարող է լինել միայն ներքին արդարությունը, օրինականությունը, սեփական պետության հանդեպ հասարակության լիակատար վստահությունը: Բայց դրա համար պետք է իշխող «էլիտա» կոչվածը լինի իսկապես էլիտա և ունենա իսկապես էլիտային հատուկ վարք, որը չի մսխի պետական ու հանրային ամեն բան՝ հանուն իր անձնական ունեցվածքի, որը կլինի օրինապահության և իրավականության առաջնային օրինակ, որը կլինի մարդասիրական արժեքները, մարդկային արժանիքները խրախուսող և իր անձնական օրինակով ու կենսագրությամբ ցույց կտա, որ Հայաստանում հաջողության գրավական են միայն դրանք, ոչ թե զոռբայությունը, մարդ ծեծելու կամ առավել ևս՝ սպանելու կարողությունը, հասարակության գրպանը մտնելու ցինիզմը և վերջում այդ ամենը դերասանական երեսպաշտությամբ քննադատելու կարողությունը:
Հայաստանն իր արտաքին խնդիրները պետք է սկսի լուծել ներսում կամ, արտաքին լուծումներին զուգահեռ, անպայմանորեն պետք է պաշտպանիչ աստառը կառուցի հենց ներսում: Սակայն ակնհայտ է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը չունի դրա կամքը, և խիստ կասկածելի են կարողությունները, որովհետև կիսագրագետ անձանցով համալրված իշխանական համակարգը նույնիսկ ցանկության դեպքում անկարող է գտնել օպտիմալ քայլեր, որ պահանջվում են նման իրավիճակում:
Միակ բանը, որ նման իշխանությունը կարող է անել, հեռանալն է՝ պարզ գործողություն, որը շատ մտավոր ջանքեր չի պահանջի:








































