ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել է քամու տուրբինների Sinovel Wind Group չինական արտադրողին ամերիկյան AMSC ընկերությունից տեխնոլոգիաներ գողանալու մեջ: Ինչպես ասվում է նախարարության պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ՝ չինացիների գործողություններից AMSC-ն 800 մլն դոլարի վնաս է կրել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Ընկերությունից բացի՝ գողության մեջ են մեղադրվել երեք կոնկրետ անձինք՝ Sinovel Wind Group-ի երկու աշխատողներ Սու Լինն ու Չժաո Հայ Չունը, ինչպես նաև Ավստրիայում AMSC-ի դուստր ձեռնարկության նախկին աշխատող Դեյան Կարաբաշևիչը: FBI-ի հատուկ հետաքննության վրա հիմնված արդարադատության նախարարության տվյալներով՝ նրանք Ավստրիայից միացել են ԱՄՆ-ում գտնվող AMSC-ի համակարգչին և գաղտնի տվյալներ բեռնել:
Նշվում է, որ երեք մեղադրյալները գտնվում են ԱՄՆ սահմաններից դուրս: Sinovel Wind Group-ի երկու աշխատողները բնակվում են Չինաստանում, իսկ Կարաբաշևիչը՝ Սերբիայում: Sinovel-ից այս առնչությամբ մեկնաբանություններ չեն ստացվել:









































