«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան և հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին քաղաքական և դիվանագիտական մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանի ճանաչմանն ու զարգացմանը, կարծում է Կայծ Մինասյանը:
Պապն իր գործողություններով կարծես վերադարձնում է հայերին միջազգային հանրության ընտանիք, միջազգային համակարգ:
«Հայերը Առաջին աշխարհամարտից հետո որբի պես դուրս մնացին միջազգային կարգավիճակից: Մեզ սպանեցին երեք անգամ 1915-ից մինչև 1923 թվականը: Հայ ժողովուրդը դուրս մնաց միջազգային կարգավիճակից և պատմությունից: Այսօր պատմությունն իր վրեժն է լուծում և ծառայում է մեր հարցերին՝ ճանաչելով Ցեղասպանությունը»,- այսպիսի ուշագրավ կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը մեզ հետ զրույցում:
– Կայծ, Հռոմի պապն ի՞նչ ուղերձներ էր իր հետ բերել Հայաստան: Ո՞րն է ընդհանրապես Պապի այցելության նշանակությունը և խորհուրդը:
– Հռոմի Պապը, կաթոլիկ եկեղեցին հայտարարեցին, որ քրիստոնյաների ներկայությունը Արևելքում վտանգի մեջ է: Դա հստակ է: Բայց Ֆրանցիսկոս պապը կարծեմ հայտարարեց, որ այդ հարցը պիտի լուծվի արմատապես: Այսօրվա ճգնաժամի արմատը Միջին Արևելքում Օսմանյան կայսրության փլուզումն էր, և Օսմանյան կայսրության փլուզման գլխավոր առանցքը կամ դեպքը Ցեղասպանությունն էր, և ուրեմն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ սկսում ես կամաց-կամաց սրբագրել սխալները, տեղ տալ Ցեղասպանությանը և հայերին այսօրվա աշխարհում, որովհետև հայերն ընդհանրապես, լինեն կովկասահայեր, թե սփյուռքահայեր, Առաջին աշխարհամարտից հետո որբի պես դուրս մնացին միջազգային կարգավիճակից, միջազգային քաղաքական համակարգից: Եթե կա ազգ, որ որբ է միջազգային կարգավիճակից, հայ ժողովուրդն է: Բոլորն այնպես արեցին, որպեսզի հայերը դուրս մնան: Մեզ սպանեցին երեք անգամ, մեկ անգամ՝ ֆիզիկապես 1915-ին, երկրորդ անգամ՝ քաղաքականապես 1920-ին. բոլշևիկները և թուրքերը կործանեցին անկախ Հայաստանը, երրորդ սպանությունը դիվանագիտական սպանություն էր 1923-ի Լոզանի դաշնագրով: Բոլոր մասնակիցները՝ Թուրքիայից մինչև Անգլիա, Ֆրանսիայից մինչև Ռուսաստան, բոլորն ասացին, որ հայկական հարց այլևս չկա: Ուրեմն հայ ժողովուրդն ապրեց երեք մահ ութ տարվա մեջ՝ 1915-ից մինչև 1923թ., միջազգային համայնքը՝ թե՛ թուրքերը, թե՛ ռուսները և թե՛ եվրոպացիները սպանեցին հայ ժողովրդին, և հայ ժողովուրդը որբ մնաց միջազգային կարգավիճակից, դուրս եկավ պատմությունից, ո՛չ պետություն ուներ, ո՛չ իրականություն, ո՛չ էլ այլևս հայկական հարց կար: Մենք դարձանք բոլշևիկյան փակ, ստալինյան հանրապետություն և աշխարհով մեկ սփռված համայնք՝ առանց որևէ իրականության և կառույցի:
Ուզում եմ ասել, որ այսօր պատմությունն իր վրեժն է լուծում և ծառայում է մեր հարցերին՝ ճանաչելով Ցեղասպանությունը: Երբ Գերմանիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, կամ Պապը, այցելելով Հայաստան, արդեն երկրորդ անգամ արտասանում է «ցեղասպանություն» բառը՝ թե՛ նախորդ տարի և թե՛ այս օրերին, սա ոչ միայն ընթացք է դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում, այլև ուղղակի ուղերձ հայերին, որ հե՛տ եկեք միջազգային քաղաքական կարգավիճակ:
Հայաստանը անկախացավ 1991-ին և վերադարձավ միջազգային կարգավիճակ, բայց հայերն ուզեցին, որ ճանաչեն ոչ միայն իրենց անկախությունը, այլև իրենց պատմությունը, հիշողությունը, և սրբագրվեն անարդարությունները հայերի հանդեպ: Դա պետք է արվի՝ սկսելով Թուրքիայից մինչև Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա, Միացյալ Նահանգներ: Միջազգային համայնքը պարտք ունի վճարելու մեր ժողովրդին: Եվ մենք չպետք է զղջանք, լանք կամ խնդրենք, մենք պիտի պահանջենք:
Երբ Պապն ասում է, որ գերտերությունները աչք փակեցին ցեղասպանությունների առջև երկու պատերազմներից հետո, սա նկատի ունի: Մեծ պետությունները պատասխանատվություն ունեն հայերի և հրեաների ցեղասպանության առջև: Սա է Պապի խոսքի նշանակությունը:









































