ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, տրամադրված է մինչև ընթացիկ տարվա վերջ ավարտել ԵՄ-ի հետ, այսպես կոչված, Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերության ձևավորման մասին բանակցությունները՝ չնայած ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի արդյունքին: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը:
«Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերության ստեղծման տնտեսական հիմնավորումը մնում է ամուր, և անցած գիշերը տեղի ունեցածից ոչինչ չի փոխում այդ հիմնավորումը: Մենք պատրաստվում ենք ԵՄ-ի հետ աշխատել այդ բանակցությունները մինչև տարեվերջ ավարտելու համար»,- հայտարարել է Շուլցը: Այդպիսով նա մեկնաբանել է Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերության ստեղծման ծրագրերը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու լույսի ներքո, որոնք նախատեսում են նախևառաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում:
Շուլցի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ներկայումս «գնահատում են Մեծ Բրիտանիայում հանրաքվեի արդյունքների հետևանքները Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերության համար»: «Սակայն մենք մտադիր ենք այդ հարցով փոխգործակցել մեր գործընկերների հետ և՛ Բրյուսելում, և՛ Լոնդոնում»,- նշել է նա:








































