Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքները, որի մասնակիցների գրեթե 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն.
«Այն, որ Թուրքիան արդեն 53 տարի է, ինչ չի կարողանում անդամակցել ԵՄ-ին, պատճառն իսլամատյացությունն է: Մենք համայն աշխարհի հետ միասին դրական արդյունք էինք ակնկալում հանրաքվեից, սակայն ստացվեց այսպես:
Կարծում ենք, որ Մեծ Բրիտանիայի ժողովրդի այս որոշումը նոր սկիզբ կհանդիսանա Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի համար: ԵՄ-ն Թուրքիայի հանդեպ կիրառում է իսլամատյացություն: Եվրոպայում աճում են ռասիստական ու իսլամատյացության տրամադրությունները: Թող ոչ ոք չասի, որ Եվրոպան իսլամատյաց չէ: Մենք դեմ ենք դրան»:
Էրդողանը հիշեցրել է նաև վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի այն հայտարարությունը, որ ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան ԵՄ-ին չի անդամակցի 3000 թվականից շուտ` հավելելով, որ նման հայտարարությունից քիչ անց Մեծ Բրիտանիան հանգեց նման իրավիճակի, որն առկա է այսօր:









































