Չինաստանի իշխանությունները անսպասելի քայլ են կատարել և հանել են Դալայ Լամայի լուսանկարի ցուցադրման արգելքը Տիբեթում՝ հաղորդում է The Independent-ը: Նշվում է, որ այս միջոցառումը առայժմ վերաբերում է միայն Գանդեն մենաստանին (Լհասա մարզ):
Ինչպես հիշեցնում է թերթը, Դալայ Լամայի լուսանկարների վրա արգելք էր սահմանվել 1996թ.: Free Tibet կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով՝ ներկայում Պեկինը մտածում է արգելքը հանել նաև Տիբեթի այլ շրջաններում: Չի բացառվում, որ Սի Ցզինպինի իշխանության գլուխ գալուց երեք ամիս անց Չինաստանը կսկսի թուլացնել կրոնական սահմանափակումները:
International Campaign for Tibet կազմակերպությունում հայտարարել են, որ Ցինխայ մարզի բարձրաստիճան պաշտոնյաները դիտարկում են Դալայ Լամայի լուսանկարների ցուցադրման արգելքը հանելու հավանականությունը:
Լհասայի և Ցինխայի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:









































