Եվրոպայում գործազրկության նվազեցումը մեկ գիշերում տեղի չի ունենա: Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով: Նա հայտարարել է ԵՄ երկրների առաջնորդների կողմից ավելի քան 8 մլրդ եվրոյով գործազրկության նվազեցման նախաձեռնության ընդունման մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հերման Վան Ռոմպեյի խոսքով՝ այդ ծրագրի գլխավոր նպատակը գործազուրկ երիտասարդների թվի նվազեցումն է: Այդ ցուցանիշը Եվրոպայի հարավում մոտենում է 60 տոկոսի: Խոսքը 18-24 տարիքային խմբի մասին է:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի խոսքով՝ իրենց նպատակն այն է, որ ուսումն ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում երիտասարդ եվրոպացիները կարողանան աշխատանք գտնել:
Գործազրկության դեմ պայքարի եվրոպական ջանքերի կարևոր տարր է դարձել գագաթնաժողովում «եվրոպական ներդրումային փաթեթի» ընդունումը, որը Բարոզուի խոսքով՝ թույլ կտա էժան վարկերով ապահովել միլիոնավոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք հանդիսանում են եվրոպական տնտեսության միսն ու արյունը:
Այդ որոշումները հնարավոր են դարձել՝ շնորհիվ այսօր առավոտյան 2014-2020թթ. ԵՄ բյուջեի 7-ամյա պլանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի միջև ձեռք բերված կոնսենսուսի: Բյուջեի ծավալը կազմում է 960 մլրդ եվրո:











































