Ասոցացման ճանապարհին հիմնական խոչընդոտը ոչ թե ՌԴ ճնշումներն են, այլ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի սրումը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՄ «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ խոսելով քաղաքականության «և-և»-ի սկզբունքի արդյունավետության շուրջ: Նա նշեց, որ եթե Հայաստանը ստորագրում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, նշանակում է, որ նա որևէ այլ միության հետ ինքնիշխանության զիջում ենթադրող գործարքների չի կարող գնալ: Բայց, ըստ Նավասարդյանի, երկկողմ պայմանագրեր Հայաստանը կարող է ունենալ ռուսական տնտեսական միությունների հետ:
«Հայաստանն Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո ոչ թե կարող է լինել Մաքսային միության անդամ, այլ կարող է երկկողմանի պայմանագիր կնքել Մաքսային միության հետ, որը, բնականաբար, միայն ձեռնտու է ՀՀ տնտեսության զարգացման համար: Իսկ եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման պայմանագիր և միանա այլ միությունների, Ասոցացման համաձայնագիրը չեղյալ կհամարվի»,- ասաց Բորիս Նավասարդյանն՝ ակնարկելով, որ «և-և» այս դեպքում հնարավոր չէ:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրումը սպառնալիքի տակ է, Բորիս Նավասարդյանն ասաց, որ շատ են խոսում համաձայնագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ ՌԴ դժգոհության մասին և հասկանալի է՝ ՌԴ-ն կգերադասեր, որ նախկին Խորհրդային Միության անդամ պետությունները միանան իր կողմից նախաձեռնված նախագծերին: Բայց, Նավասարդյանի կարծիքով, Հայաստանի Ասոցացման ճանապարհին հիմնական խոչընդոտը ոչ այնքան ՀՀ-ի ռուս գործընկերների ճնշումներն են, որքան ՀՀ-ի ներսում կոնսենսուսի բացակայությունը և այնպիսի շրջանակների ու ուժերի առկայությունը, որոնց ձեռնտու չէ ՀՀ զարգացումը ԵՄ-ի ուղղությամբ: Նրա գնահատմամբ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհին ՀՀ ներքին անհամաձայնություններն ավելի լուրջ սպառնալիք են:
«Ես հույս ունեմ, որ հասարակության լայն շրջանակները, որոնք համաձայնագրի կարևորությունը գիտակցում են ու համաձայնագրին առաջնահերթություն են տալիս, Հայաստանում կհաղթեն: Ես արդեն որոշակի սրացումներ նկատում եմ, կան փորձեր հնարավորինս վարկաբեկել ԵՄ-ն, վարկաբեկել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, քանի որ որոշակի տագնապ է առաջացնում Ասոցացման համաձայնագրի հեռանկարը: Հուսով եմ, որ հակառակ զարգացման կողմնակիցները նվիրված են Ասոցացման համաձայնագրին և այդ ուղղությամբ կներդնեն իրենց ջանքերը»,- նման ցանկություն հայտնեց Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ օրերս Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լեհ լրագրողի այն հարցին, թե որքանով է Հայաստանը վճռական՝ իրականացնելու այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն ինտեգրվելու համար, հայտարարել էր, որ Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի սկզբունքի վրա:
Սերժ Սարգսյանը նախ խոսել էր Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական և պատմության խորքից եկող բարեկամական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են, և Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ինչպես շատ ընդլայնված տեխնիկական, այնպես էլ խորը տնտեսական հարաբերություններ։
«Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը։












































