Անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի 2 կտավները դարձել են Sotheby’s-ի՝ ժամանակակից արվեստին նվիրված աճուրդի թոփ լոտեր:
Աճուրդի տան կայքում հաղորդվում է, որ աճուրդում ամենաթանկ ստեղծագործությունը դարձել է Բեկոնի «Իզաբել Ռոուսթհորնի երեք էտյուդները» (1966) նկարը, ով Բեկոնի ամենասիրելի մոդելներից էր: Դրա համար գնորդը վճարել է 17,2 մլն դոլար: Իսկ Բեկոնի «Գլուխ III»-ը (1949) վաճառվել է 16 մլն դոլարով:
Ինչպես նշվում է ArtsBeat բլոգում, երկու կտավներն էլ աճուրդի են հանվել նյույորքցի արթ-դիլեր Ուիլյամ Ակվավելլոյի կողմից: «Իզաբել Ռոուսթհորնի երեք էտյուդները» գնել է Ալեքս Կորկորանը, ով ղեկավարում է Լոնդոնի Lefevre Gallery-ն: Երկրորդ աշխատանքը հեռախոսով վաճառվել է անհայտ գնորդի:
Բացի այդ՝ Sotheby’s-ում վաճառվել են Գերհարդ Ռիխտերի, Լուչո Ֆոնտանայի, Դեմիեն Հերսթի մի քանի աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 26-ի լոնդոնյան աճուրդը բերել է 116 մլն դոլար:
Ֆրենսիս Բեկոնը հետպատերազմյան շրջանի ամենաթանկ նկարիչներից է:







































