Այս գիշեր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրկին լսվել են արցունքաբեր գազով նռնակների ձայներ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, անկարգությունները զանգվածային բնույթ չեն կրում, սակայն Դիքմեն պողոտան ավելի քան մեկ շաբաթ է՝ շարունակում է մնալ մայրաքաղաքի և ամբողջ երկրի «թեժ կետը»:
Այսօր առավոտյան կոմունալ ծառայությունները մաքրել են պողոտան, երթևեկությունը կրկին վերականգնվել է: Գիշերը մի խումբ ցուցարարներ պատնեշներով փակել էին պողոտայի երթևեկելի մասը և քարեր նետել ոստիկանների վրա: Ի պատասխան՝ իրավապահ մարմիններն օգտատգործել են ջրցաններ և արցունքաբեր գազ:
Այս ֆոնին Անկարայի Կուղուլու այգում և Թուրքիայի այլ քաղաքներում գիշերը շարունակվել են ակտիվիստների ֆորումները: Ցույցերի մասնակիցների թիվը զգալիորեն նվազել է, սակայն մարդիկ սկսել են քաղաքական խնդիրները քննարկել խաղաղ ճանապարհով: Սոցիալական ցանցերում հակակառավարական քարոզարշավը նույնպես նվազել է:









































