Բնությունը երբեմն մարդուն անակնկալներ է մատուցում՝ կոտրելով կարծրատիպերը: Ընդունված է կարծել, որ սկյուռերը մեղմ ու քնքուշ արարածներ են, իսկ օձերը՝ չար ու ագրեսիվ: Համացանցում հայտնված տեսանյութը հակառակն է ապացուցում:
Միջադեպը տեղի է ունեցել Արիզոնայի առանձնատներից մեկում: Այն, ինչ կատարվում է, տեսանյութը նկարահանողներին չի զարմացնում: Հավանաբար նրանք սովորել են նման հյուրերի:
Աթոռին փաթաթված օձին հեռվից նկատելով՝ սկյուռը մոտենում է նրան, բարձրանում աթոռին ու հարձակվում: Օձին կծոտելուց հետո նա գլխին խայթոց է ստանում, սակայն դա նրան չի ստիպում հեռանալ: Նա նոր ուժով է հարձակվում օձի վրա:
Հայտնի չէ, թե ինչու է կրծողը հարձակվել օձի վրա;: Տեսանյութի հեղինակները կարծում են, որ հավանաբար այդ կերպ սկյուռն իր ձագերին է պաշտպանել: Առճակատումն ավարտել է առանց արյունահեղության: Օպերատորն ու նրա ընկերներն օձին փրկել են սկյուռի ատամներից ու բաց թողել մոտակա անապատում:









































