Չորեքշաբթի Բրազիլիայի Բելու Օրիզոնտի քաղաքում ավելի քան 50 հազար մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, թալանի ու ջարդի: Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել կառավարության սոցիալական քաղաքականության, կոռուպցիայի, անարդյունավետ քաղաքական համակարգի, ՖԻՖԱ-ի խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման բազմամիլիարդանոց պետական ծախսերի դեմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սկզբում ցույցը խաղաղ էր, սակայն արմատական տրամադրություններով երիտասարդների խմբերը փորձել են ճեղքել ոստիկանական պաշտպանությունն ու ներթափանցել 2 կմ հեռավորության վրա գտնվող մարզադաշտ, որտեղ Բրազիլիայի և Ուրուգվայի թիմերի միջև անցկացվում էր Համադաշնությունների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումը: Իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազով լցված նռնակներ:
Ինչպես հաղորդվում է՝ ձերբակալվել է 24 մարդ, ոստիկանության հետ բախումների ընթացքում արձանագրվել են վիրավորներ: Ցուցարարները մի քանի մեքենաներ են այրել, խանութներ թալանել: Ոստիկանությանը հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել միայն այսօր առավոտյան:
Չորեքշաբթի ցույցեր են անցկացվել երկրի մոտ երկու տասնյակ քաղաքներում՝ ներառյալ դաշնային մայրաքաղաք Բրազիլիայում: Այնտեղ խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ:
Զանգվածային բողոքի ցույցերը Հարավային Ամերիկայի խոշորագույն երկրում շարունակվում են արդեն երկու շաբաթ:






































