Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվել է համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը: Հանդիսությունը բացել է համալսարանի մշակույթի և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորել է Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ և ներկայացրել նրա գիտական ու կրթական գործունեությունը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Այնուհետև Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգևը` Մովսես Խորենացու մեդալը` հայագիտության զարգացման գործում նրա ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության համար: Դեսպան Աղաջանյանը, իր ելույթում շնորհավորելով Հենինգ Լեհմանին, նշել է, որ «նրա հայագիտական հետազոտություններն անգնահատելի են և նոր էջ են բաց արել Արևմուտքի և Արևելքի եկեղեցիների հայտնի ու անհայտ պատմական փոխազդեցությունների մեջ»:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգևին արժանանալու կապակցությամբ` Հենինգ Լեհմանը հանդես է եկել «Մի կաթիլ ջրի մեջ երևացող աշխարհ» դասախոսությամբ և ներկայացրել է Բարոկոյից մինչև Լուսավորչություն ընկած ժամանակահատվածում Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միջև հարաբերությունների պատմությունը: Նա նշել է, որ «Հայկական եկեղեցին բավական վաղ հասկացավ տպագիր գրքի` որպես գիտության և քարոզի միջոցի կարևորությունը և նախաձեռնեց հայկական գրքի տպագրությունը»: Հենինգ Լեհմանը մատնանշել է 1565-ից մինչև 1745 թվականների այն հնատիպ 19 հայկական գրքերը, որոնք պահվում են Դանիայի թագավորական գրադարանում և ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսում:
Հանդիսությանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմը, գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:









































