Հուլիսի 1-ին կտրվի «Արձակ-2013» տարվա լավագույն պատմվածքի ամենամյա մրցույթի մեկնարկը: Մրցույթի համակարգող, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակը ժամանակակիցների ստեղծագործություններն ավելի մասսայականացնելն է, նոր հեղինակներ բացահայտելը, հանրությանը, ինչպես նաև օտար ընթերցողին ներկայացնելը: Նրա խոսքով՝ մրցույթն արդեն անհրաժեշտություն է դարձել գրական միջավայրում:
«19 պատմվածք արդեն անգլերեն լեզվով թարգմանվել է, և այժմ ընթացքի մեջ է պատմվածքների գերմաներեն լեզվով թարգմանությունը»,- հավելեց գրականագետը:
«Շատ դժվար է այդքան պատմվածք կարդալը, առավել ևս այն դեպքում, երբ ունենք հեղինակներ, որոնք կյանքում ոչ մի գիրք չեն կարդացել, իրենք գրող են ծնվել»,- նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ արտասահմանում արդեն սկսել են գնահատել իրենց ջանքերը, համագործակցում են Վրաստանի հետ, և պատմվածքների որոշ մասը կթարգմանվի վրացերեն:
Արքմենիկ Նիկողոսյանն էլ ասաց, որ նախորդ մրցույթներին վերաբերող քննադատությունների մեծ մասն անձնական բնույթի էին, սակայն իրենք դրանք վերլուծելով՝ որոշ փոփոխություններ են կատարել մրցույթում: Այսուհետև պատմվածքները կներկայացվեն միայն վերնագրերով՝ առանց հեղինակների անունների: Ավելացվել է նաև «Լավագույն մանկական պատմվածք» անվանակարգը:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում մանկապատանեկան գրականությունը խնդիր ունի՝ մանկագիրների միջին տարիքը 70-ն է: Ուզում են այդ տարիքը 70-ից նվազեցնել:
«Արձակ-2013»-ում կշնորվի նաև «Մեծ մրցանակ», «Հատուկ մրցանակներ»: Բացի մրցատյանի սահմանած տեղերից՝ մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կշնորհվի ընթերցողների քվեարկությամբ՝ «Ֆեյսբուք» սոցցանցում:
«Գրանիշ» գրական ակումբի տնօրեն Կարեն Անտաշյանը հավաստիացնում է, որ ժյուրին անաչառ է լինելու, չնայած չի բացառում, որ ցանկացած դեպքում սուբյեկտիվ գործոնն անխուսափելի է: Գնահատվելու է առաջին հերթին ստեղծագործության գեղարվեստական արժեքը: «Տարեցտարի ավելանում է այն մասնակիցների թիվը, որոնք արդեն կայացած անուններ են գրականության ոլորտում, ինչը նշանակում է, որ մրցույթը սկսում է արդեն իր հաստատուն դիրքն ունենալ գրական դաշտում»,- ասաց ժյուրիի երիտասարդ ներկայացուցիչը:
Մասնակիցների տարիքային ներքին շեմը 18-ն է, վերին շեմ չկա: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մայիսի 15-ի դրությամբ: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել մեկ պատմվածք՝ 14 հազար նիշը չգերազանցող ծավալով:
Գրականագետ Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ սա ստեղծագործություններ ներկայացնելու ճիշտ տեղն է: Ըստ նրա՝ մրցույթը կայացել է:
Ժյուրիի անդամ, գրականագետ Հասմիկ Հակոբյանն էլ ասաց, որ պատմվածքների անանուն լինելը ճիշտ փոփոխություն էր: Ինքն առաջին անգամ է ժյուրիի կազմում, թեև միշտ ընթերցել է ներկայացված պատմվածները:
Մրցույթի հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցանակների շնորհումը կկայանա մինչև տարեվերջ:









































