Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը:
Համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էին Վեհաժողովի 31 պատվիրակներ:
Ինչպես Ստրասբուրգից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, Հայաստանի նախագահությունը կասեցնելու փաստաթղթին միացել էին ադրբեջանամետ պատգամավորներ:
«Նախագիծը ենթադրում էր, որ այն պետք է ուղարկվի զեկույցի նախապատրաստման համար, և որպեսզի Վեհաժողովին համապատասխան առաջարկություններ ներկայացվեն: Բյուրոն համարեց, որ նախագիծն արժանի չէ որևէ հետագա ընթացք տալուն, և քանի որ նախագծի հեղինակը առարկեց Վեհաժողովի նիստի ժամանակ, հարցը դրվեց քվեարկության Վեհաժողովի նիստին, և Վեհաժողովը ևս մերժեց այդ նախագիծը, այսինքն` այն որևէ հետագա ընթացք չի ունենալու», – ասել է Հարությունյանը:
Հայաստանը Նախարարների կոմիտեն նախագահում է մայիսի 16-ից ` վեցամսյա ժամկետով, նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, այնուհետև՝ հաջորդ տարվա մայիսից, Ադրբեջանին:











































