Մաշտոցի պողոտայում 13 հարկանի շենք կառուցելու համար միլիոններ ներդրած և այդ գումարները կորցրած ամերիկահայ գործարարը ստիպված կլինի Հայաստանում ոչ մի տրամաբանական հանգուցալուծում չստացող դատական գործընթացը տեղափոխել ԱՄՆ-ի արբիտրաժային դատարան: Թեև հունվարի 16-ից խարդախության մեղադրանքով մեկ այլ գործով հետախուզման մեջ գտնվող «էլիտար» կառուցապատող Վլադիմիր Մանգասարյանը, ով Խուդյանի գործով խոշոր գումարներ էր յուրացրել, ձերբակալվել էր և դա սփյուռքահայ գործարարին հույս էր ներշնչել, թե իր գործով ևս բացահայտումներ կլինեն, գործը դեռևս փակուղում է, ամբողջական բացահայտում չկա: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, ում պատկանող ընկերության դեմ քրեական գործ էր հարուցվել կանխամտածված սնանկության հետևանքով պետությանը խոշոր չափի` 139 300 000 դրամի վնաս հասցնելու համար:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Էդմոնդ Խուդյանն, այս գործով նախաքննությունը շարունակվում է 2010 թ. նոյեմբերի 20-ից, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության քննչական վարչության քննիչ Տիգրան Հարությունյանն այդպես էլ գործարար Էդմոնդ Խուդյանին տուժող չի ճանաչում, իսկ նախաքննությունն էլ ոչ մի կերպ չի ավարտվում:
«Կոնկրետ նորից ոչինչ չկա: Մենք մտնում ենք մի շրջան, որտեղ ստիպում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը կոնկրետ քայլեր կատարել, բայց նորից ոչինչ չենք ստանում: Վերջերս դիմել ենք նորից՝ ինձ և մի շարք գնորդներին տուժող ճանաչելու համար, և կարծես թե նախնական տպավորությունն այն է, որ նորից են մերժելու տուժող ճանաչելու հարցի կապակցությամբ, քանի որ պարզ է՝ եթե որևէ մեկը տուժող ճանաչվեց, ապա հնարավորություն ենք ունենալու ուղղորդել կամ ստիպել կոնկրետ աշխատանք կատարել: Այնինչ ոչինչ չի արվում, մեր կարծիքով, ներկա դրությամբ, փորձաքննությունը, որը նշանակված էր ութ ամիս առաջ, չի կատարվում, սպասում ենք փորձաքննությանը, որը դարձել է գործը ձգձգելու շատ լավ հնարավորություն: Մեր տպավորությունն այն է, որ շենքում թալանված, գողացված տարածքները վերջնականապես չեն վառվել, դրա համար էլ կոնկրետ մեր գործն առաջ չի գնում»,- մտավախություն հայտնեց Խուդյանը:
Վերջինիս խոսքերով, իրենց համար Մանգասարյանի ձերբակալությունը բարոյական հաղթանակ էր, որից հետո ակնկալում էին, որ այդ գործով երկրորդ գլխավոր դերակատար Ղևոնդ Ղալումյանը ևս կձերբակալվի, տարածքների ետբերման աշխատանքներ կսկսվեն: Բայց, Խուդյանի կարծիքով, ինչպես երևում է, Մանգասարյանի ձերբակալությունը ձևական գործողություն էր, որին ոչ մի բացահայտում չհաջորդեց, և գործը նորից փակուղում է, քննիչ Տիգրան Հարությունյանը ոչինչ չի անում:
«Երկուսուկես տարի է՝ այս ամենը շարունակվում է, նշանակված փորձաքննությունը չի ավարտվում: Ո՛չ ՀՀ գլխավոր դատախազությունը, ո՛չ քննությունը որևէ առարկայական քայլ չեն ձեռնարկում, անվերջանալի կերպով մարդկանց դեռ քննում են, և զարմանալին այն է, որ 2010 թ.նոյեմբերի 20-ին դիմել եմ դատախազություն, թե տեսեք ինչ է անում Մանգասարյանն ու այս խումբը, և այս ընթացքում ես դեռևս բողոքում եմ, որ ընկերությունը թալանել են ու ամեն ինչ արվում է, որ այս տարածքները թույլ տրվի նրանց վաճառելու համար, և շարունակական աշխատանք չի արվում: Ստիպված եմ հույսս դնել, որ Վաշինգտոնում արբիտրաժային դատարանում հայց ներկայացնեմ Հայաստանի կառավարության դեմ»,- ասաց Էդմոնդ Խուդյանը:









































