Վրաստանի նախկին վարչապետ, «Մացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին ներկայացվել է ծառայողական լիազորությունները գերազանցելու մեղադրանք: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտարարել է Շոթա Թքեշելիշվիլին, Մերաբիշվիլին մեղադրվում է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով հետաքննության ընթացքում կեղծարարության և իրականությունը պարզելուն խոչընդոտելու մեջ:
2006-ի հունվարին Սանդրո Գիրգվլիանին ընկերոջ՝ Լևան Բուխաիձեի հետ այցելել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Շարդեն-բար»: Բարում գտնվել են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մեկի հետ Գիրգվլիանին վիճել է: Նույն օրը հայտնաբերվել է վերջինիս անշունչ մարմինը՝ բռնի սպանության հետքերով:
Այս գործով արդեն մեղադրանք է ներկայացվել Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության 4 նախկին սպաների: Երկրի իրավապաշտպան մարմինները մի քանի անգամ հայտարարել են այն մասին, որ հետաքննությունը դիտմամբ կոծկել է սպանության հնարավոր կապը ՆԳՆ աշխատակիցների հետ:









































